Մեր այսօրվա քայլարշավը

 

Հաճախ մենք չենք նկատում մեզ շրջապատող մշակութային օջախները, սակայն ձմեռային ճամբարը առիթ է շրջելու, ծանոթանալու մեզ շրջապատող մշակութային վայրերին։ Այսօր մեր ջոկատով Արգավանդի տարածքում քայլարշավի էինք։ Սկզբում մտածում էի, թե ի՞նչ կա այնտեղ տեսնելու, որ ոտքով դպրոցից պետք է հասնենք: Սակայն երբ հասանք, մենք տեսանք մի շինություն, որը Թուրքմենական Էմիրների դամբարանն էր: Դամբարանը մեծ հետաքրքրություն առաջացրեց, որն ստեղծվել է 1413 թվականին: Դամբարանի վրա կային տարօրինակ փորագրություններ, այն մեզ շատ հետաքրքրեց։ Ցավոք, դարպասները փակ էին և մենք չկարողացանք ներս մտնել: Բայց մեր աչքից ոչինչ չվրիպեց․ դարպասների մյուս կողմից կարողացանք տեսնել մի քանի հետաքրքիր շինություններ, փորձեցինք դրանք ուսումնասիրել դրսից: Չհուսահատվեցինք, քայլարշավը շարունակեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Մառախուղ էր, եկեղեցին դժվարությամբ գտանք։ Եկեղեցում մնացինք երկար, այնտեղ տաք էր և մենք չէինք ուզում դուրս գալ եկեղեցուց։ Հետո վերջապես դուրս եկանք և կրկին ոտքով վերադարձանք դպրոց: Արդյունքում քայլեցինք վեց կիլոմետր, բայց չզգացինք, թե ինչպե՞ս ժամանակն անցավ:

Ի՜նչ լավ է, որ ունենում ես ժամանակ շուրջբոլորդ հետազոտելու և աշխարհը ճանաչելու համար: